Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա Ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետությունում ղեկավարում է ավելի քան 100 միլիարդ դրամ կենսաթոշակային միջոցներ, այսօր հայտարարեց, որ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում 40.000 եվրո է նվիրաբերում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմին` Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ցերեկային խնամքի կենտրոնի կառուցման համար:
Ծրագրի նպատակն է նպաստել Տավուշի մարզի և Նոյեմբերյան քաղաքի հարակից գյուղերում բնակվող երեխաների և նրանց ընտանիքների կրթական, ճանաչողական և հոգևոր բարեկեցությանը:
Ներկայիս ցերեկային կենտրոնը, որը գործում է 110 երեխաների համար, ունի վատ պայմաններ: Հետևաբար, հիմնարար անհրաժեշտություն է կենտրոնը վերակառուցելու մի հաստատության, որը կշարունակի գործել ամբողջ հզորությամբ և իր ազդեցությունն էլ ավելի կտարածի` ծառայելով Նոյեմբերյանի և հարակից գյուղերի ավելի շատ ընտանիքներին:
Նոր ցերեկային խնամքի կենտրոնը տեղակայված է լինելու երկու հարկերում, որոնք միասին կկազմեն 615 քմ տարածք: Ծրագրի շնորհիվ Նոյեմբերյան քաղաքում ավելի քան 200 սոցիալապես խոցելի երեխաներ և նրանց ընտանիքները հնարավորություն կունենան ստանալու կրթություն, պատշաճ խնամք և սոցիալական ծառայություններ՝ նրանց կրթական և ճանաչողական զարգացումը խթանելու, ինչպես նաև նրանց կյանքի որակը բարելավելու համար:
«Այս նախագիծը հնարավորություն է ընձեռնում Տավուշի մարզում բնակվող երեխաներին ունենալ ավելի պայծառ ապագա: Կենտրոնի հայեցակարգը տարիների ընթացքում ապացուցել է, որ արդյունավետ է, և մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցել կենտրոնի հետագա զարգացմանը: Այս ցերեկային կենտրոնը կդառնա լքվածության վտանգի տակ գտնվող երեխաների համար այլընտրանքային խնամքի օրինակելի տեղ, իսկ ծնողներին հնարավորություն կտա իրենց երեխաներին մեծացնել ներառական և սիրող միջավայրում»,- նշել է Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը: