Էթիկայի կանոններ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱ


  1. 1. Սույն կանոնակարգը ներառում է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊ Ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատակիցների գործարար վարվելակերպի և էթիկայի կանոնները, ինչպես նաև շահերի բախման կանխարգելման կանոնները:
    2. Սույն Կանոնակարգը ներքին իրավական ակտ է և ընդունվում է «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի համաձայն, հիմք ընդունելով` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը:
    3. Սույն Կանոնակարգը նպատակ է հետապնդում նպաստել Ընկերությունում.

    • կորպորատիվ մշակույթի բարձրացմանը,
    • կորպորատիվ հեղինակության ու համբավի աճին և ամրապնդմանը,
    • Ընկերության և աշխատակիցների վարքագծի կանոնակարգմանը,
    • ֆոնդի կառավարիչների գործունեության կարգավորմանը:

    4. Սույն կանոնանկարգը տարածվում է հետևյալ փոխհարաբերությունների նկատմամբ.

    • Ընկերության և աշխատակիցների միջև,
    • աշխատանքային կոլեկտիվում առաջացող,
    • պետական կառավարման մարմինների հետ,
    • շահերի բախման կարգավորման գործընթացում:

    5. Ընկերության կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց (այսուհետ` Կառավարիչներ) էթիկայի և մասնագիտական չափանիշների սահմանում:


ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Կանոնակարգում օգտագործվող հետևյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

«Աշխատակից» ՝ անձ, ում հետ Ընկերությունը կնքել է աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր,
«Հաճախորդ»՝ անձ, ով հանդիսանում է ընկերության կողմից կառավարվող ֆոնդի փայերի սեփականատեր կամ դիմում է Ընկերությանը՝ նրա ծառայություններից օգտվելու նպատակով,
«Կենսաթոշակային գաղտնիք»՝ ինչպես որ սահմանված է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 19-րդ հոդվածներով,
«Ծառայողական տեղեկություններ»՝ ինչպես որ սահմանված է «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածով։
«Դասակարգված Արժեթղթեր»` արժեթղթերի ցուցակ, որտեղ Ընկերությունը և նրա կողմից կառավարվող ֆոնդերը ցուցակը կազմելու կամ թարմացնելու օրվա դրությամբ կատարել են ներդրումներ, ինչպես նաև այն արժեթղթերը, որոնց մեջ Ընկերությունը մտադրություն ունի կատարել ներդրում ցուցակը կազմելու կամ թարմացնելու օրվա դրությամբ

ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐ

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.Ընկերության Աշխատակիցները պարտավոր են.

  • հարգանքով վերաբերվել այլ աշխատակիցներին` անկախ նրանց ռասայական, ազգային պատկանելության, սեռի, տարիքի, կրոնի, ընտանեկան կարգավիճակի, քաղաքական նախասիրությունների և աշխատանքային փորձի,
  • մշտապես փնտրել գործունեության նոր հնարավորություններ, բաց լինել փորձի փոխանակման և առաջադիմական մոտեցումների ու նորագույն տեխնոլոգիաների ընկալման ու ներդրման գործում,
  • մշտապես կատարելագործել իր մասնագիտական ունակություններն ու գիտելիքները և անձնային հատկանիշները,
  • Ընկերության առաքելության ու ռազմավարական նպատակների իրագործման համար միավորվել թիմում` կրելով անձնական պատասխանատվություն անձնական և կոլեկտիվ գործունեության համար, անհրաժեշտության դեպքում օգնել թիմի այլ անդամներին,
  • ձգտել սեփական գործունեության որակի կատարելագործման, աշխատանքի արտադրողականության բարձրացման, նպաստել Ընկերությունում բարենպաստ աշխատանքային միջավայրի ձևավորմանը և պահպանմանը,
  • գիտակցել աշխատանքի արդյունքի և Ընկերության զարգացման կապը, գործադրել բոլոր հնարավոր ջանքերը անձնային, թիմային և ընդհանուր կորպորատիվ աճի ապահովման համար,
  • քաղաքական գործունեությամբ զբաղվելիս կամ քաղաքական որևիցե կուսակցության կամ թեկնածուի աջակցելիս հանդես գալ ոչ թե որպես Ընկերության աշխատակից, այլ որպես քաղաքացի` չօգտագործելով Ընկերության անունը: Քաղաքական գործունեությամբ զբաղվել միայն աշխատանքային ժամերից դուրս` տեղեկացնելով անմիջական ղեկավարին:

2. Աշխատակիցները պարտավոր են պահպանել Կանոնակարգի պահանջները: Կանոնակարգի որևէ դրույթի անորոշության դեպքում Աշխատակիցը պարտավոր է դիմել իր անմիջական ղեկավարին:



ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ընկերության Աշխատակիցները պարտավոր են.

  • հարգանքով վերաբերվել Ընկերության Հաճախորդներին` անկախ նրանց ռասայական, ազգային պատկանելության, սեռի, տարիքի, կրոնի, ընտանեկան կարգավիճակի, քաղաքական նախասիրությունների և աշխատանքային փորձի,
  • մշտապես փնտրել Հաճախորդների հետ համագործակցության, նրանց պահանջմունքների ու սպասումների բացահայտման և բավարարման նոր ուղիներ,
  • մատուցվող ծառայությունների վերաբերյալ Հաճախորդներին ներկայացնել բոլոր անհրաժեշտ մանրամասները`մատչելի և հստակ ձևով,
  • Հաճախորդներին նախապես տեղեկացնել համագործակցության պայմանների ու դրանց փոփոխությունների մասին,
  • հրաժարվել ծառայություն մատուցելուց, եթե այն չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին կամ չի բխում Հաճախորդի իրավական և/կամ տնտեսական շահերից,
  • բացահայտել այն ծառայությունները, որոնք իսկապես անհրաժեշտ են Հաճախորդին և որոնք կարող են առավելագույնս բավարարել Հաճախորդի կարիքները,
  • Հաճախորդների վերաբերյալ ծառայողական տեղեկատվությունը, ինչպես նաև կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները բացահայտել ՀՀ օրենսդրությանը համապատասխան,
  • Հաճախորդների վերաբերյալ ցանկացած ծառայողական և կենսաթոշակային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները օգտագործել միայն ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան և ապահովել դրանց պաշտպանությունը,
  • կատարել Ընկերության ներքին իրավական ակտերի դրույթները, որոնք վերաբերում են հաճախորդների հետ փոխհարաբերություններին:


ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ընկերության աշխատակիցները պարտավոր են.

  • գործադրել բոլոր ջանքերը Ընկերության գործընկերների նկատմամբ Ընկերության պարտավորությունները բարեխիղճ կատարելու ուղղությամբ,
  • Ընկերության գործընկերների հետ հարաբերություններում գործել` Ընկերության և գործընկերոջ շահերից ելնելով,
  • Ընկերության գործընկերների հետ հարաբերություններում բարձր պահել Ընկերության հեղինակությունը, հետևել ՀՀ օրենսդրության և Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին,
  • Ընկերության գործընկերների հետ հարաբերությունները կառուցել կողմերի հավասարության, փոխադարձ հարգանքի, վստահության, գործարար շահերի ապահովման սկզբունքների հիման վրա,
  • գործընկերների վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտել ՀՀ օրենսդրության և նրանց հետ կնքված պայմանագրերի դրույթներին համապատասխան,
  • գործընկերների վերաբերյալ ցանկացած ոչ հանրամատչելի էական տեղեկատվություն օգտագործել միայն գործընկերոջ հետ պայմանագրի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում,
  • եթե գործընկերների հետ հարաբերությունները չեն համապատասխանում կամ կասկածներ կան, որ կարող են չհամապատասխանել Կանոնների պահանջներին, դիմել անմիջական ղեկավարին:

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ընկերության աշխատակիցները պարտավոր են.

  • ապահովել Ընկերության իրավական համապատասխանությունը,
  • պետական մարմինների հետ փոխհարաբերություններում արտահայտել Ընկերության պաշտոնական դիրքորոշումը,
  • ՀՀ օրենսդրությամբ չարգելված դեպքերում պետական մարմինների հարցումներին պատասխանել ժամանակին և տրամադրել ամբողջական և արժանահավատ տեղեկատվություն,
  • խուսափել անօրինական եղանակներով պետական մարմինների որոշումների վրա ազդելուց,
  • մոլորության մեջ չգցել պետական մարմիններին, ուղղակիորեն կամ անուղղակիորեն չխոչընդոտել նրանց կողմից տեղեկատվության, տվյալների, ցուցմունքների կամ այլ փաստաթղթերի հավաքագրման գործընթացին,
  • չթաքցնել, չփոխել, չվերացնել պետական մարմինների հետաքննության կամ հարցման առարկա հանդիսացող փաստաթղթերը,
  • եթե պետական մարմինների ներկայացուցիչների հետ հարաբերությունները չեն համապատասխանում կամ կասկածներ կան, որ կարող են չհամապատասխանել Կանոնների պահանջներին, դիմել անմիջական ղեկավարին:


ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ընկերության աշխատակիցները պարտավոր են.

  • պաշտպանել իրենց հանձնված գույքը կորուստից, կողոպուտից, ոչ նպատակային կամ անօրինական օգտագործումից,
  • առավելագույնս արդյունավետ և խնայողաբար օգտագործել Ընկերության ակտիվները,
  • պահպանել և չբացահայտել Ընկերության առևտրային տեղեկատվությունը,
  • հետևել Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին, որոնք վերաբերում են Ընկերության ակտիվների օգտագործմանը,
  • չօգտագործել Ընկերության գույքն անձնական նպատակներով:


ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՌՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Ընկերության աշխատակիցները պարտավոր են.

  • խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Ընկերության շահերից չբխող որոշումների կայացմանը (նվերների, դրամային և այլ տեսքով պարգևների և այլ օգուտների ընդունում),
  • այլ ընկերությունների կառավարման մարմիններում թեկնածությունն առաջարկելուց առաջ` հարցը քննարկել գործադիր մարմնի ղեկավարի հետ,
  • Ընկերության գործընկերների հետ հարաբերություններում խուսափել Ընկերության շահերին հակասող անձնական հետաքրքրություններից և շահերից,
  • խուսափել փոխառություններից կամ այլ ծառայություններից Ընկերության հետ գործարար հարաբերություններ ունեցող կամ դրանց ձգտող անձանցից (սա չի տարածվում կորպորատիվ կամ հրապարակային առաջարկների վրա),
  • ձեռնպահ մնալ այնպիսիս գործողություններից, որոնք բացասաբար են ազդում աշխատանքային պարտականությունների կատարման վրա,
  • խուսափել Ընկերության գործընկեր կազմակերպություններում անձնական ֆինանսական որևիցե պարգևատրումներից, բոնուսներից կամ այլ նման գործողություններից` առանց Ընկերության գործադիր մարմնի գրավոր թույլտվության,
  • առանց Ընկերության կառավարման համապատասխան մարմնի գրավոր թույլտվության` վճարովի ծառայություններ չմատուցել այլ անձնանց, հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունում առկա սահմանափակումները,
  • հանդես գալ որպես այլ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի, գործադիր մարմնի անդամ կամ այլ պաշտոնատար անձ միայն Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի գրավոր թույլտվությամբ,
  • ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք պարունակում են շահերի բախման ռիսկի ծագման հնարավորություն,
  • շահերի բախման ռիսկի ծագման մասին տեղեկացնել անմիջական ղեկավարին` ձևավորված իրավիճակը քննարկելու և լուծում տալու նպատակով,
  • Եթե հայտնի է Ընկերության և այլ աշխատակցի միջև շահերի բախման հնարավորության ծագման մասին, ապա գործընկերոջը հիշեցնել նրա պարտավորությունը շահերի բախման մասին անմիջական ղեկավարին տեղեկացնելու վերաբերյալ:


ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

1. Կառավարիչը իր գործունեությանն իրականացնելիս պետք է առաջնորդվի հետևյալ էթիկայի չափանիշներով.

  • Խելամիտ զգուշավորություն և ջանասիրություն. Կառավարիչներն իրենց մասնագիտական գործունեությունը պարտավոր են իրականացնել խելամիտ զգուշավորությամբ, հետևողականոնեն և ջանասիրաբար,
  • Անկախություն և անաչառությունը. Կառավարիչներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս պարտավոր են գործադրել խելամիտ ջանքեր, որպեսզի ապահովվեն իրենց անկախությունն ու անաչառությունը և հանգեն անաչառ եզրակացությունների,
  • Հաճախորդների շահերի գերակայությւոն. Կառավարիչները պարտավոր են գործել ի շահ իրենց հաճախորդների, Հաճախորդների շահը իրենց անձնական, գործատուի կամ այլ երրորդ անձի շահից բարձր դասելով,
  • Մասնագիտական իրազեկություն. Կառավարիչները պարտավոր են մշտապես բարձրացնելիրենց մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները,
  • Կանոններին հետևում. Կառավարիչները պարտավոր են հետևել ՀՀ օրենսդրության դրույթներին, Կանոնակարգին ու մասնագիտական էթիկայի կանոններին (առկայության դեպքում) և զերծ մնալ էթիկական ու բարոյական բնույթի ցանկացած խախտումից:

2. Կառավարիչը պետք է առաջնորդվի հետևյալ մասնագիտական չափանիշներով.

  1. Ողջամիտ և անաչառ ներկայացում. Կառավարիչը պարտավոր է.
    • ապահովել ողջամիտ հիմքեր ներդրումային գործունեության համար.
    • հստակ տարանջատել փաստերը կարծիքներից, ընդգծել կանխատեսումները.
    • ներկայացնել վերլուծությունները/եզրակացությունները հստակ և տրամաբանորեն կառուցքավորված՝ ցանկացած ոչ ճիշտ մեկնաբանությունից խուսափելու նպատակով,
    • վերլուծական նյութերը պատրաստել մասնագիտական ջանասիրությամբ,
    • ձեռնարկել բոլոր խելամիտ ջանքերը արտաքին աղբյուրներից ստացած տեղեկատվության հուսալիությունն ու իրավացիությունը ստուգելու նպատակով,
    • զերծ մնալ ներդրումների արդյունքների վերաբերյալ գրավոր կամ բանավոր երաշխիքների տրամադրումից,
    • ցուցաբերել ողջամտություն և զգուշավորություն երրորդ անձանց կողմից պատրաստված նյութերի օգտագործման դեպքում, նշել այդ նյութերի հեղինակի անունը, հրատարակությունը կամ նման տեղեկատվության աղբյուրը,
    • զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են ապակողմնորոշել հաճախորդներին,
    • ներդրումային գործունեության արդյունքների վերաբերյալ հաճախորդներին ժամանակին ներկայացնել արդարացի, ստույգ և ամբողջական տեղեկատվություն:
  2. Շահերի բախման կանխարգելում և բացահայտում. Կառավարիչը պարտավոր է.
    • ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները շահերի բախումից խուսափելու համար,որոնք կարող են վնասել իրենց անկախությանն ու անաչառությունը,
    • ձեռնպահ մնալ իրենց և հաճախորդի միջև շահերի բախման առարկա համարվող գործարքների կնքումից, դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալ Հաճախորդի շահերին,
    • Հաճախորդներին և գործատուին բացահայտել բոլոր այն էական գործոնները (ներառյալ իրենց կողմից արժեթղթերում սեփական ներդրումների իրականացումը), որոնք կարող են վնասել իրենց անկախությանն ու անաչառությունը,
    • իր գործունեության իրականացման ընթացքում ձեռնարկել բավարար միջոցներ իր և իր հաճախորդների, ինչպես նաև իր տարբեր հաճախորդների, վերջինների և իր կողմից կառավարվող ֆոնդերի և տարբեր ֆոնդերի միջև շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իսկ դրանց անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք նվազեցնելու համար,
    • տեղեկացնել Ընկերության գործադիր մարմնի ղեկավարին իրենց պարտականությունների կատարման ընթացքում իրենց վրա գործադրվող ճնշումների վերաբերյալ,
  3. Լոյալություն հաճախորդների նկատմամբ. Կառավարիչը պարտավոր է.
    • գերադասել հաճախորդի շահը ընկերության և սեփական շահից,
    • հրաժարվել այնպիսի գործարար հարաբերություններում մասնակցությունից, որոնք կարող են ազդել նրանց անկախության, անաչառությունը և նպաստել հաճախորդի նկատմամբ իրենց լոյալության կորստին,
    • պահպանել հաճախորդից ստացված տեղեկատվության գաղտնիությունը.
  4. Թրեյդինգ. Կառավարիչը պարտավոր է.
    • արժեթղթերի թրեյդինգ ժամանակ ձեռնպահ մնալ ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումից.
    • նոր ներդրումային հնարավորության դեպքում բոլոր ֆոնդերի նկատմամբ ցուցաբերել միևնույն մոտեցումը, և եթե տվյալ ներդրումը համապատասխանում է բոլորին, ապա պատվերների համախմբումը կամ արդյունքների բաշխումը կատարել Ընկերության ներքին իրավական ակտերի և օրենսդրության պահանջների պահպանմամբ.
    • գործադրել լավագույն ջանքերը ֆոնդի կանոնների շրջանակներում ներդրումներ կատարելու համար, իրականացնել համապատասխան գործողություններ ֆոնդի հաշվին գործարքի լավագույն գնով և պայմաններով կատարելու համար:
  5. Ռիսկերի կառավարում, համապատասխանություն.Կառավարիչը պարտավոր է.
    • հետևել Ընկերության քաղաքականություններին, կանոնակարգերին ու ընթացակարգերին և զարգացնել դրանք, որպեսզի Ընկերության գործունեությունը համապատասխանի ՀՀ օրենսդրության և նորմատիվ իրավական պահանջներին, ինչպես նաև Կանոնակարգով սահմանված սկզբունքներին ու չափանիշներին.
    • աջակցել Ընկերության համապատասխան աշխատակցին՝ Հաճախորդների բողոք-պահանջների դիտարկման և կառավարման գործում.
    • գործարքների վերաբերյալ կատարել Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված գրառումներ.
    • նպաստել Ընկերությունում ռիսկերի կառավարման համակարգի ձևավորմանը, որը պետք է նույնականացնի ռիսկերի կառավարման մեթոդները:


ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

 

1. Աշխատակիցները պարտավոր են սույն Գլխով նախատեսված դեպքերում Ընկերության գլխավոր գործադիր տնօրենին Ընկերության համար ընդունելի բովանդակությամբ եռամսյակային հաշվետվություններ ներկայացնել հետևյալի վերաբերյալ.

  • հաշվետու ամսվա ընթացքում իրենց կամ իրենց հետ Փոխկապակցված անձանց հաշվին արժեթղթերով իրականացված գործարքների մասին հաշվետվություն,
  • իրենց և իրենց հետ Փոխկապակցված անձանց արժեթղթերի հաշիվներին առկա

2. Ի հավելումն սույն Գլխի 1-ի կետով նախատեսված դեպքերի նույն կետով նախատեսված հաշվետվությունները տրամադրվում են Հաշվետու Աշխատակից որակվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Հաշվետու Աշխատակիցները պարտավոր են ձեռնպահ մնալ Դասակարգված Արժեթղթերի մեջ նեդրումներ կատարալուց արժեթղթի սույն Գլխով նախատեսված կարգով դասակարգված դառնալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում կամ ցուցակում նախատեսված ավելի երկար ժամկետով:
4. Ընկերությունը պարտավոր է վարել Հաշվետու Աշխատակիցների ցուցակ: Անձին Հաշվետու Աշխատակիցների ցուցակում ներառելուց 2 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացվեն Հաշվետու Աշխատակցի կարգավիճակից բխող իր պարտականությունների ծավալը:
5. Ընկերությունը պարտավոր է վարել Դասակարգված Արժեթղթերի ցուցակ, որը պետք է վերանայի առնվազն հետևյալ դեպքերում,

  • նոր արժեթղթում ներդրում կատարելու վերաբերյալ որոշում կայացնելու օրը, սակայն ոչ ուշ, քան մինչև ներդրում կատարելը, այն դեպքում, երբ Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի կարծիքով տվյալ արժեթութղը պետք է դասակարգվի,
  • համապատասխան արժեթղթի դասակարգված լինելու հետ կապված ժամկետը լրանալու հաջորդ աշխատանքային օր:

6. Ընկերությունը պարտավոր է Հաշվետու Աշխատակիցներին ներկայացնել Դասակարգված Արժեթղթերի ցուցակը այն կազմելու կամ թարմացնելու հաջորդ աշխատանքային օրը:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ


Սույն Կանոնակարգն ուժի մեջ է մտնում ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցելու պահից և ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցումից հանելու պահից:

Վերջին Թարմացում: 12-Հունիս-2024 16:52